National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.05.2019
Քննարկվել են հարկային համակարգի բարեփոխմանն ուղղված նախագծեր
1 / 2

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 23-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի.  Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ վիճարկելի հարցի վերաբերյալ ձեռք է բերվել կոնսեսուս եւ ըստ այդմ՝ օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից:

Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն՝  ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար: Ներկայացված առաջարկությունները կքննարկվեն առաջինից  երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով փորձ է արվում կարգավորել քաղաքաշինության բնագավառի լիցենզավորվող մարմնին առնչվող որոշակի հարցեր:

Ըստ հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի՝ համաձայն ՀՀ պաշտոնական տեղեկագրի՝ օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 27-ին, սակայն դրանով նախատեսված ժամկետային սահմանափակման մասին լիազոր մարմինը (ՀՀ քաղաքաշինության կոմիտեն) պատշաճ ծանուցումներ չի ապահովել:

Մինչդեռ, նույն 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի 24-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, ապահովվում է բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանությունը օրենքի պահանջներին:

Պատգամավորի հավաստմամբ, նախկին օրենքի հիման վրա տրված լիցենզիաներով աշխատող անձիք ծանուցված չլինելով՝ նաեւ կատարել են համապատասխան վճարներ, շատերը նախապես, մի քանի ամիս առաջ, որոնք առեւտրային բանկերն ընդունել են՝ եւս ծանուցված չլինելու պատճառով: Փոխանցված գումարներն այժմ չեն վերադարձվում, ոչ էլ հաշվանցվում են որեւէ այլ նպատակային վճարի համար:

Տեղեկացում չի ապահովվել նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասով:

Հարակից զեկուցող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը կարեւորելով նախագծի ընդունումն, առաջարկել է որոշակի փոփոխություններ կատարել նաեւ այլ դրույթներում, ինչը հնարավորություն կտա լուծել  այլ խնդիրներ եւս:

Հիմնական զեկուցողն ընդունել է առաջարկությունը: Խորհրդարանի քննարկմանը կներկայացվի լրամշակված տարբերակը: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծով, ըստ հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածը լրացնել նոր մասով՝ համաձայն որի  բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի ստացած հիպոտեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները փոխհատուցելու վերաբերյալ դրույթները կիրառվում են նաեւ ՀՀ մարզերում երկրորդային շուկայից հիպոտեքի պայմանագրով բնակարան կամ անհատական բնակելի տուն (այդ թվում՝ կիսակառույց) ձեռք բերելու դեպքում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ նախագիծը չի նպաստի տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծմանը. այն  կյանքի կոչվելով հնարավորություն կտա կատարել կեղծ գործարքներ:

Քննարկման ընթացքում պատգամավորները համաձայնել են, որ խնդիրն, իրոք, առկա է. մարզերի բնակիչները տարբեր պատճառներով չեն կարողանում օգտվել հիպոթեքային վարկերից, սակայն նախագիծը չի լուծում այդ հարցը:

Հանձնաժողովի նախագահն առաջարկել հետաձգել նախագծի քննարկումն ու ներկայացնել համատեղ լրամշակված տարբերակ: Հիմնական զեկուցողը հետաձգել է հարցի քննարկումը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է   «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ եւս տասնմեկ օրինագծերից բաղկացած փաթեթը, որով բարեփոխվում է հարկային համակարգը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ խնդրո առարկան նախապես համակողմանի քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ստացվել են բազմաթիվ առաջարկություններ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հավաստմամբ՝ առաջարկվում են 3 խումբ փոփոխություններ՝ համակարգային, հարկային եւ ոլորտային: Տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, նախատեսվել է շահութահարկի բեռի նվազում՝ 20 տոկոսի փոխարեն սահմանվում 18 տոկոս շահութահարկ: Եկամտահարկը համահարթեցվում է՝ կկազմի 23 տոկոս, որը տարեցտարի կնվազի մինչեւ 20 տոկոս: Յուրաքանչյուր տարի ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը կբարձրանա: Ըստ փոխնախարարի՝ վիճակագրության տվյալներով? մեր երկրում 85 տոկոսն օգտագործում է թունդ ալկոհոլային խմիչքներ, 10 տոկոսը` գարեջուր, 5 տոկոսը` գինի: Հանրային սննդի ոլորտի շրջանառության հարկը միտում ունի տարեցտարի բարձրանալու: Ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվողների համար կսահմանվեն հարկային արտոնություններ՝ ոլորտում առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Մեկ մեքենայով տաքսի ծառայություն կազմակերպողները կազատվեն պետական տուրք վճարելուց: Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները կանցնեն պետական տուրքի համակարգ: Բեռնատար մեքենաների ճանապարհային հարկը կհանվի:

Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի: Ընդ որում, թեեւ վերջինս տեղի է ունենում ներդրումների եւ արտահանման խթանման ճանապարհով, այդուհանդերձ բնակչության կենսամակարդակին առնչվող ցուցանիշները նույնպես բարելավվում են: Մասնավորապես, սպառման աճը գնահատվում է 0.3-0.4, իսկ զբաղվածության աճը` շուրջ 0.5 տոկոսային կետի չափով:

Պատգամավորների հարցերն առնչվել են տնտեսության տարբեր ոլորտների հարկատեսակներին, աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացմանն ու բազմաթիվ այլ խնդիրների:

Օրակարգում ընդգրկված մյուս նախագծերի քննարկումը կշարունակվի մայիսի 24-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am